«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Դու երկնքից հետևիր ինձ

Դու երկնքից հետևիր ինձ
09.09.2013 | 15:20

Լրացավ յոթ օրը, ինչ հեռացել ես։ Սիրտս մխում է, գրական, մշակութային, հանրային կյանքի եզակի Զինվորդ այլևս հուշ ես։ Որքան դավ ու ցավ հաղթահարեցիր՝ հաճախ լռությամբ, ավելի հաճախ՝ ժպիտով, և հիշում եմ խոստովանանքդ. «Ես, գիտե՞ս, քեն չունեմ ոչ մեկի հանդեպ»։ Եվ մեր արագահոս կյանքի ընթացքում քո մշտական մաքառումներն ու նվաճումները չընկալվեցին որպես ճշմարիտ առաքելական մշակի բան ու գործ։ Մենք, ցավոք, ուշ ենք հանդիպել, շատ ուշ, ուժերիս չափով փորձեցի սատար կանգնել, փակել գարշահոտ և ապիկար որոշ բերաններ։ Եվ հիմա հիշում եմ, հիշում երանությամբ՝ հինգ տարվա ընթացքում հինգ թե վեց առանձնազրույց ենք ունեցել և օծել դրանք մի-մի թաս անապական մրգօղիով, եթե չեմ սխալվում՝ բերված քո հայրենի Կողբից։ ՈՒ որքան էլ նշանակալի էր գործունեությունդ, շատ ավելի էին սպասելիքները, գրչընկերներդ, առհասարակ, հայ մշակույթի սպասելիքները։ Բայց ի՜նչ պտղաբեր էին վերջին տարիներդ. աշխարհը բախեց արդի հայ գրական տան դուռը և համոզվեց՝ հրաշալի գրականություն է կերտվում մշակութամերժ այս եզերքում։

Եվ ահա թերթում եմ քո փայլուն մի մտահղացման ծնունդ վերջին ժողովածուն՝ «Ի սկզբանե էր բանն», 27 երկրների բանաստեղծների պոեզիան՝ հայերեն ու անգլերեն։ Զուգահեռ նաև հայ բանաստեղծներինը։ Եվ մակագրությունը. «Ի սկզբանե իմ հրաշալի ընկերոջը՝ Վրեժին, մաղթանքով, որ երբեք անձնատուր չլինի, երախտագիտությամբ՝ Լևոն Անանյան, 30.05.2013 թ.
Լույս իջնի շիրմիդ։
Հետևիր ինձ երկնքից։
Ես անձնատուր չեմ լինի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ